«Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հիմնադիր, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան Մոսկվայից: Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ Բաբայանի հրամանատարության շնորհիվ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 6 ամսում հաջողվել է պարտիզանական-ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ ստեղծել:
«Սամվել Բաբայանի փորձն ու հմտությունները անգնահատելի դեր կարող են ունենալ նաև այսօր»,- տարածած հայտարարությամբ նշում է Բաբայանին աջակցող քաղաքացիական նախաձեռնությունը: ՀՀ և Արցախի ցանկացած քաղաքացի պետք է փորձի իր փորձն ու ունակությունները ներդնել երկրի անվտանգությունն ապահովելու համար՝ Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի՝ Հայաստան վերադառնալու լուրերին ու պատասխանելով հարցին՝ կարո՞ղ են նրա փորձն ու ընդունակություններն օգտակար լինել հայկական կողմի համար: «Եթե կան ցանկացողներ, որ գան իրենց ջանքերը ներդնեն դժվար իրավիճակներում առկա խնդիրները հաղթահարելու համար, կարող են գալ: Ոչ մեկ որևէ մեկին երբեք չի խոչընդոտում»,- նշել է Օհանյանը: Հարցին՝ Սամվել Բաբայանի հետ այս ընթացքում կապի մեջ եղե՞լ է, նախարարը կարճ պատասխանեց. «Ոչ»: